Ո՞վ եք դուք, ա՛յ քաղքենիներ, ա՛յ սուտի «կապույտ արյուն» ունեցողներ։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը սոցցանցում անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից ընտրակաշառք բաժանելու և հրապարակված նոր ձայնագրության դեպքին։
Ըստ պատգամավորի՝ այն, որ այս կուսակցությունը զբաղվում է ընտրակաշառքի բաժանմամբ, արդեն իսկ դարձել է սովորական երևույթ, սակայն նրանց խոսույթը նոր հրապարակված ձայնագրության մեջ զզվելի է։
Ալեքսանյանը հատկապես ընդգծում է ձայնագրության այն հատվածը, որտեղ խոսվում է Սամվել Կարապետյանի հանրահավաքին մասնակցած երիտասարդների մասին։ Ըստ նրա, Կարապետյանի թիմակիցները նրանց անվանում են «կեղտոտ շորերովներ» միայն այն պատճառով, որ նրանք հանդերձված են եղել մարզահագուստով։
«Փոխանակ էդ մարդկանց ոտքերը պաչեք, որ ձեր պեսների միտինգին են գալիս թեկուզ փողով, մի բան էլ կեղտոտ շորերով, հա՞։ Ո՞վ եք դուք, ի՞նչ եք դուք, ա՛յ քաղքենիներ»,- գրել է Ալեքսանյանը՝ նկատելով, որ հունիսի 7-ին կտեսնեն, թե ինչպես է ժողովուրդը մերժում այդ ենթադրյալ «կապույտ արյունը»։