Ի՞նչ կարելի էր անել, եթե ակտիվ ու պայքարող հասարակություն ունենայինք

Ի՞նչ կարելի էր անել, եթե ակտիվ ու պայքարող հասարակություն ունենայինք

Իդեալական իրականությունը, իհարկե, միշտ հեռու է մնում, բայց մի փոքր երևակայություն ցույց տալը կարող է օգտակար լինել։ Ես ուզում եմ խորհել այն մասին, թե ինչ կարող էր լինել իդեալում, եթե մենք ունենայինք ակտիվ ու պայքարող ժողովուրդ, քաղաքացիական բարձր գիտակցությամբ հասարակություն։

Առաջին հերթին, մեր դատարանները հեղեղված կլինեին հանրային հայցերով՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի և իր թիմակիցների։ Յուրաքանչյուր լիրշ խոսքին, որևէ անհատին և ուժին ուղղված վիրավորանքին, օրենքի տառի ցանկացած ոտնահարմանը, սահմանադրական կարգի տապալումներին կհաջորդեր դատական հայցերի հեղեղ, դատախազությանն ու Սահմանադրական դատարանին ուղղված դիմումների տարափ։ Իշխանական մամուլի յուրաքանչյուր կեղծիքն ու ատելության խոսքը, իշխանական քարոզիչների յուրաքանչյուր ստատուս և քոմենթ անարձագանք չէին թողնի։ Նույն Facebook-ի ադմինիստրացիային կհեղեղեին բողոքներով, նամակներով, բացահայտումներով։

Եթե մեր հասարակությունը լիներ ակտիվ, մեր դեսպանատներն ու միջազգային կառույցները կհեղեղեին նամակներով։ Մենք չէինք թույլ տալիս իշխանությանը թյուրիմացության մեջ գցել միջազգային հանրությանը, թե՝ «հասեք, փրկեք մի խումբ հոգևորականներ ուզում են իշխանություն զավթել…»։ Փոխարենը, մենք կապահովեինք, որ Եվրոպական խորհրդարանը բանաձև ընդունի, որը կբանտարկյալների քաղաքական հետապնդումները դատապարտի, ոչ թե իշխանության գործողությունները կամուրջի վրա։

Իշխանական որևէ օլիգարխին տրամադրված հերթական հարկային արտոնությունից վրդովված գործարարները հայտարարություն-ուլտիմատում կտարածեին ու պապոյաններին «տռաս» կհանեին։ Քաղբանտարկյալների պաշտպանությամբ զբաղվող կոմիտեներ կձևավորվեին և ամենօրյա ռեժիմով ակցիաներ կանեին կառավարության, դատախազության, քննչականի, դեսպանատների մոտ։

Եթե մենք ունենայինք ակտիվ հասարակություն, յուրաքանչյուր կեղծ պատարագին մի քանի հարյուր կամ հազար մարդ կգնար ու կկանգներ իր եկեղեցու կողքին, ուժ կցուցադրեր, չէր վախենա ոստիկանից ու եկեղեցին ավերող խուժանից, կինքնակազմակերպվեր՝ չսպասելով, որ ընդդիմությունը կազմակերպի այդ դիմադրությունը։ ՔՊ-ական վերնախավի միլիոնանոց պարգևատրումների մասին լսելուն պես 40 հազար դրամ ստացող պապիկ-տատիկները կառավարության շենքը կշրջապատեին, իսկ գերատեսչությունների շարքային աշխատողները՝ գործադուլ կհայտարարեին, թողնելով, որ 3-5-7 միլիոն ստացած իրենց շեֆերն ամբողջ ապարատի գործն անեն։

Վերջապես, յուրաքանչյուր իշխանական պաշտոնատար կվախենար սեփական հարևան-բարեկամներից, վախով ու ամաչելով փողոց դուրս կգար։