Իրավունքը պետք է պաշտպանի քաղաքացուն, ոչ թե իշխանությանը

Իրավունքը պետք է պաշտպանի քաղաքացուն, ոչ թե իշխանությանը

Վերջին միջադեպերից հետևող քրեական հետապնդումները, որոնք սկիզբ են առել վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքում կատարած շրջայցի ժամանակ, ցույց են տալիս, որ մեր երկրում օրենքը սկսել է ծառայել ոչ իր նախատեսված նպատակին, այլ իշխանությանը պաշտպանելուն։

Իրավական համակարգը պետք է աշխատի այնպես, որ ոչ թե իշխանությունը պաշտպանվի օրենքով, այլ օրենքը պաշտպանի քաղաքացուն՝ այդ թվում՝ նաև իշխանությունից։ Սա հիմնարար փոփոխություն է տրամաբանության մեջ, որը պետք է դառնա մեր իրավական մշակույթի հիմքը։

Այսօրվա իրավիճակում մենք տեսնում ենք, թե ինչպես են մի քանի դրվագներ, որոնք տեղի են ունեցել տարբեր վայրերում և տարբեր ժամանակներում, միավորվում են մեկ գործի մեջ։ Դրանցում կիրառվում են ծանր պատժամիջոցներ՝ ազատազրկում, և այս գործողությունները ուղղված են ոչ թե իրավունքի վերականգնմանը, այլ ազդակ հաղորդելու՝ բոլոր մյուսներին։

Ես, որպես մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում երկար տարիներ աշխատող մասնագետ, հստակ տարբերություն եմ տեսնում քրեական հետապնդման և քրեական ահաբեկման միջև։ Այս դեպքում մենք ունենք ճշգրիտ քրեական ահաբեկում։ Պետությունը, որն իշխանության հրահանգով այսպես է կիրառում իրավունքը, փաստացիորեն ցույց է տալիս իր վախը։

Այս վախը կարող է լինել եկեղեցում գտնվող երիտասարդներից, իրեն ուղղվող հարցերից կամ այն քաղաքացիներից, որոնք չեն ցուցաբերում ձևական հարգանք։ Սա վախի ցուցադրություն է, որը հակառակ է իրավական պետության հասկացությանը։

Մեր նպատակը պետք է լինի այլ տրամաբանության հաստատումը։ Օրենքը պետք է լինի այն պատնեշը, որը պաշտպանում է քաղաքացուն՝ նույնիսկ երբ նա քննադատում է կամ հարցադրում է իշխանությանը։ Երբ իրավունքը դառնում է իշխանությանը հնազանդեցնելու գործիք, այն կորցնում է իր էությունը և վերածվում է ճնշման միջոցի։