Հակակոռուպցիոն կոմիտեն չի քննում Fast Bank-ի կողմից «Քաղաքացիական պայմանագրի» կուսակցությանը ենթադրյալ ապօրինի նվիրատվության դեպքը

Հակակոռուպցիոն կոմիտեն չի քննում Fast Bank-ի կողմից «Քաղաքացիական պայմանագրի» կուսակցությանը ենթադրյալ ապօրինի նվիրատվության դեպքը

Հակակոռուպցիոն կոմիտեն չի նախաձեռնել քրեական վարույթ իշխող «Քաղաքացիական պայմանագրի» կուսակցությանը Fast Bank-ի կողմից ենթադրյալ ապօրինի նվիրատվություն կատարելու դեպքի առթիվ։

Այս իրադարձությունները տեղի ունեցան անցած ամիս, երբ Գյումրիում և Երևանում կազմակերպվեցին «Խաղաղության ձայնը» անվան երաժշտական փառատոնի երկու համերգներ։ Համերգի հովանավորն էր Fast Bank-ը, որի սեփականատերերն են Վահե և Վիգեն Բադալյանները, որոնք առավել հայտնի են «Վիվառո» բուքմեյքերական ընկերությամբ։ Վերջիններս ջերմ հարաբերություններ ունեն Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։

Այս տարվա սկզբին պարզվեց, որ ԱԺ պատգամավորներ Հրաչյա Հակոբյանն ու Էդուարդ Աղաջանյանը Վիգեն Բադալյանի բիզնես դասի օդանավով մեկնել էին համատեղ հանգստի հունական Միկոնոս կղզի։ Իսկ Վահե Բադալյանն ինքը՝ վերջերս, մասնակցել էր Նիկոլ Փաշինյանի հետ կայացած գործարարների հանդիպմանը։

Ապրիլի 25-ին, «Քաղաքացու օրվա» կապակցությամբ անցկացված համերգը ակտիվորեն գովազդվում էր «Քաղաքացիական պայմանագրի» կողմից։ «Անկախ դիտորդ» դիտորդական առաքելությունը հայտարարել էր, որ համերգի խորագիրը համապատասխանում է կուսակցության նախընտրական կարգախոսին։ Գյումրիի համերգին մասնակցեց նաև Նիկոլ Փաշինյանի «Վարչաբենդ» անվան երաժշտական խմբակը, որի պաստառներին գրված էր Կառավարության ծրագրային դրույթը՝ «Իրական Հայաստան»։

«Անկախ դիտորդ»-ը պնդել էր, որ երաժշտական այս փառատոնը կարելի է ընկալել որպես «բնեղենով նվիրատվություն կուսակցությանը՝ ՔՊ-ին»։ Իրավական առումով վիճահարույց էր նաև այն հանգամանքը, որ իրավաբանական անձինք, ըստ կուսակցությունների մասին օրենքի, իրավունք չունեն նվիրատվություն կատարել քաղաքական ուժերին։ «Խաղաղության ձայնը» փառատոնի հովանավորների ցանկում Fast Bank-ը նշվում էր հենց որպես իրավաբանական անձ-հովանավոր։ Բացի այդ, օրենսդրությունը սահմանում է, որ մեկ անձից տարվա ընթացքում ստանալի նվիրատվության առավելագույն գումարը կազմում է 10 մլն դրամ։ Ըստ ենթադրությունների՝ համերգի ծախսերը, որը ներառում էր լուսաձայնային սարքավորումներ, գովազդային արժեքներ և հայտնի երգիչների (Իվետա Մուկուչյան, Outlandish, In-Grid, Ուիլլի Ուիլյամ) ելույթներ, կարող էին անգամներով գերազանցել այդ գումարը։

Համերգի կազմակերպիչ «Դոմինո փրոդաքշն» ընկերության տնօրեն Աշոտ Առաքելյանը հրաժարվել է հայտնել համերգի համար ծախսված գումարի չափը։

Այս ընկերությունն էր կազմակերպել նաև 2021-ին Հայաստանի անկախության 30-րդ տարեդարձի միջոցառումները, որոնց ֆինանսավորման մասին պնդում էր, որ տրվել են մասնավոր հովանավորներից, ոչ թե պետբյուջեից։ Թե ովքեր էին այս հովանավորները և ինչու էին որոշել ֆինանսավորել պետական տոնին նվիրված միջոցառումը, այդպես էլ պարզ չդարձավ։

«Դոմինո փրոդաքշն»-ի հետ կապվում է նաև մեկ այլ իրավաբանական անձ՝ «Դոմինո վիդեո փրոդաքշն»-ը։ Այս ընկերությունը 2025-ից ի վեր Կառավարությունից և Երևանի քաղաքապետարանից ստացել է 618 մլն դրամի պայմանագրեր, որոնցից մեկը՝ 32.7 մլն դրամի չափով, առողջապահական համապարփակ ապահովագրության հիմնադրամի բրենդինգի համար։ Այս ընկերությունն է կազմակերպելու նաև մայիսի 28-ին Հանրապետության հրապարակում կայանալիք ռազմական սպառազինության ցուցադրությունը։

Հակակոռուպցիոն կոմիտեն բնեղենով ենթադրյալ ապօրինի նվիրատվության դեպքով վարույթ չհարուցելը հիմնավորել է նրանով, որ ապօրինի նվիրատվության վերաբերյալ հաղորդում չեն ստացել։ Մինչդեռ Հայաստանի քրեական դատավարության օրենսգիրքը սահմանում է, որ քննիչը կարող է վարույթ նախաձեռնել, եթե զանգվածային լրատվության միջոցներում առերևույթ հանցանքի մասին տեղեկություններ են եղել։ «Անկախ դիտորդ»-ը, սակայն, դիմել է ոչ թե Հակակոռուպցիոն կոմիտե, այլ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, որը քննչական մարմին չէ։

Սրան զուգահեռ՝ Հակակոռուպցիոն կոմիտեում շարունակվում է քննվել «Քաղաքացիական պայմանագրի» ենթադրյալ ապօրինի նվիրատվությունների մեկ այլ քրեական վարույթ, որը հարուցվել էր դեռ 2024-ին։ Գործը վերաբերում է 2022-ի ֆինանսավորմանը և հարուցվել էր նվիրատվության առավելագույն չափը գերազանցելու, չթույլատրված աղբյուրներից նվիրատվություններ ներգրավելու հատկանիշներով։