Հայաստանը կարող է դառնալ աշխարհի միակ երկիրը, որը Ռուսաստանի հետ մտնում է սուր հակամարտության փուլ
Աշխարհի քաղաքական դինամիկան այս պահին ենթարկվում է արմատական փոփոխությունների։ Ռուս-ուկրաինական պատերազմը մոտենում է իր ավարտին, Եվրոպան փնտրում է ընդունելի միջնորդություն և ձևաչափ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար, իսկ ԱՄՆ-ը ձևավորում է փոխհարգալից և փոխշահավետ աշխատանքային հարաբերությունների համակարգ։
Երևան այցելած եվրոպական լիդերները, մեր փոքր երկիրը վերածելով հակառուսական պլատֆորմի, վերադարձան իրենց երկրներ և սկսեցին Ռուսաստանի հետ իրենց հարաբերությունները կարգավորելու գործընթացը։ Այս պրոցեսը վտանգավոր էր, բայց նաև դրական։ Մարդիկ իրենց աչքերով տեսան թե՛ եվրոպական լիդերների ֆորումը, թե՛ Մոսկվայի անմիջական արձագանքը։
Այս իրավիճակում քաղաքական ուժերը ստիպված են արդեն պարզ, ուղիղ խոսակցություն վարել ընտրողի հետ՝ Հայաստանը շրջապատող իրականության մասին։ Պետք է վարվեն անկեղծ, ուղիղ զրույց՝ առանց քաղաքական բաժանումների և այլ պայմանականությունների։ Ընտրողը վերջապես ավելի սթափ կնայի պրոցեսներին։
Դժվար է հավատալ, որ մեր ժողովուրդը կընտրի Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ նոր աղետի ճանապարհը, սակայն պետք չէ նաև թերագնահատել քարոզչական մանիպուլյացիայի և տեղեկատվական հիստերիկ տեռորի ազդեցությունը։ Սրանց հակազդելու համար պետք է հաշվարկված և ազնիվ քարոզչական արշավ տանել՝ երկիրը աղետալի զարգացումներից ապահովագրելու համար։
Այս պահի դինամիկան ցույց է տալիս, որ հունիսի 7-ից հետո «Նիկոլի Հայաստան» չի լինելու։ Կա՛մ Նիկոլ է լինելու, կա՛մ Հայաստան։ Հետևաբար, մենք բոլորս ընտրելու ենք կա՛մ Նիկոլ, կա՛մ Հայաստան։