Հայրապետական շնորհավորանք Սուրբ Աստվածածնի Ավետման տոնի առթիվ

Հայրապետական շնորհավորանք Սուրբ Աստվածածնի Ավետման տոնի առթիվ

Սուրբ Աստվածածնի Ավետման տոնի առիթով իմ հայրապետական օրհնությունն ու սրտանուկ շնորհավորանքն ենք ուղարկում բարեպաշտ մեր ժողովրդին՝ ինչպես հայրենիքում, այնպես էլ սփյուռքում։

Այս հոգեպարար տոնը, որը հռչակված է որպես օրհնության օր, հատկապես նվիրված է մայրության բերկրանքին սպասող կանանց։ Եկեղեցիներում, Սուրբ Պատարագի ավարտին, կատարվում է հատուկ աղոթական մաղթանք, որի ընթացքում ապագա մայրերը ստանում են օրհնություն՝ հայցով, որ Ամենակալ Աստված նրանց պարգևի սիրառատ, առողջ ու երջանիկ կյանք, ինչպես նաև բարի ու արժանավոր զավակներ։

Սուրբ Աստվածամոր հավատարիմ ու առաքինի կերպարը դարեր շարունակ եղել է անբաժան աղբյուր ներշնչման հայ կանանց համար։ Նրա լուսաշող օրինակով հայ կանայք, դժվարին ժամանակներում, Աստծո կամքին անվերապահ հնազանդությամբ հաղթահարել են բազմաթիվ փորձություններ։ Նրանք ամուր ու անսասան պահել են իրենց հավատն ու սերը Քրիստոսին, ինչպես նաև ապրել են առ ազգն ու հայրենին անխախտ նվիրումով։

Աղոթում եմ, որ Ամենակալ Տերը Սուրբ Աստվածածնի բարեխոսությամբ օրհնի մայրության բերկրանքին սպասող կանանց և շնորհի բարեհաջող որդեծնություն։ Թող Բարձրյալն Աստված խաղաղություն պարգևի ողջ աշխարհին, ապահովության ու բարօրության մեջ պահպանի մեր հայրենիքն ու աշխարհասփյուռ մեր ողջ ժողովրդին։ «Թող հույսի Աստվածը լիացնի ձեզ ամենայն ուրախությամբ և խաղաղությամբ» (Հռոմեացիներ 15.13)։