Պետական շահերի պաշտպանության վարչությունը պայմանագրերի լուծման մասին միջնորդագրեր է ուղարկել «Սևան» ազգային պարկին և Շրջակա միջավայրի նախարարությանը
Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը միջնորդագրեր է ուղարկել «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենին և Շրջակա միջավայրի նախարարության գլխավոր քարտուղարին՝ Սևանա լճի ափամերձ հողամասերի վարձակալության պայմանագրերը լուծելու (դադարեցնելու) ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու խնդրանքով։
Այս որոշումը կայացվել է պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում՝ ուսումնասիրելուց հետո «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և Նազիկ Ամիրյանի, ինչպես նաև ՊՈԱԿ-ի և Վարշամ Ղարիբյանի միջև կնքված վարձակալության պայմանագրերը։
Ուսումնասիրության ընթացքում պարզվել է մի քանի կարևոր խախտում։ Պայմանագրերը, որոնք կնքվել են 2005-2007 թվականներին, պետք է ունենային երեք տարվա ժամկետ, սակայն դրանք շարունակում են գործել՝ անորոշ ժամկետով։
Բացի այդ, պայմանագրերում նախատեսված էր, որ հողի կադաստրային արժեքի աճի դեպքում վարձավճարները կփոփոխվեն՝ վարձակալներին նախօրոք ծանուցելու պայմանով։ Սակայն, 2021 թվականի հունվարի 1-ին՝ կադաստրային արժեքների աճի հիմքով վարձավճարների փոփոխության պայմաններում, վարձավճարների փոփոխության վերաբերյալ ծանուցումները վարձակալներին ուղարկվել են 3 տարի ուշացումով։
Վերջին խախտումը վերաբերում է վարձակալության պայմանագրերի մրցույթների անցկացմանը։ Ուսումնասիրությամբ պարզվել է, որ հողամասերի վարձակալության մրցույթների անցկացման մասին հայտարարությունները զանգվածային լրատվության որևէ միջոցով հրապարակված չեն եղել։
Արձանագրված խախտումների կապակցությամբ հանցանքի մասին հաղորդումներ են ներկայացվել Քննչական կոմիտե։