«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ֆինանսական հաշվետվությունը՝ 2023 թվականի ընթացքում
«Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել իր ֆինանսական հաշվետվությունը՝ 2023 թվականի ընթացքում ստացված և ծախսված միջոցների մասին։
Հաշվետվության համաձայն՝ կուսակցությունը հանրապետությունում վարձակալել է 336 գրասենյակային տարածք։ Ընդհանուր եկամուտները մեկ տարվա ընթացքում կազմել են 846 մլն 608 հազար 889 դրամ։
Եկամուտների կառուցվածքը հետևյալն է․
Պետական ֆինանսավորում: Ազգային ժողովը կուսակցության հաշվին փոխանցել է 234 մլն 727 հազար 890 դրամ՝ որպես պետական ֆինանսավորում։ Այս գումարը կուսակցությունը ստացել է՝ որպես ընտրություններում հաղթած կուսակցությանը հատկացվող միջոցներ։
Նվիրատվություններ: Իշխող կուսակցությունը տարբեր անձանցից ստացել է 481 մլն 790 հազար 400 դրամ, որը կազմում է 1 մլն 200 հազար դոլարից ավելի։
Անդամավճարներ: ՔՊ-ի անդամներից ստացվել է ընդամենը 129 մլն 524 հազար 599 դրամ։
Այլ եկամուտներ: «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն, պարտվելով դատարանում, որպես դատական ծախսերի փոխհատուցում, վճարել է 120 հազար դրամ, իսկ «24 նյուզ» ՍՊԸ-ն՝ 446 հազար դրամ։
Հաշվետվության ներկայացման պահին կուսակցության հաշվում եղել է 127 մլն 898 հազար 665 դրամ։
Պետական ֆինանսավորման բաշխումը
Ըստ «Կուսակցությունների մասին» օրենքի՝ 3 տոկոսի շեմը հաղթահարած կուսակցություններին բյուջեից հատկացվում է ֆինանսավորում։ 2023 թվականին այդ գումարը կազմել է 520 մլն 733 հազար դրամ, որը բաշխվել է փուլային եղանակով։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը տրամադրվել է 268 մլն 309 հազար դրամ։
«Հայաստան» դաշինքին՝ 163 մլն 221 հազար դրամ։
ԲՀԿ-ին՝ 50 մլն 444 հազար դրամ։
«Հանրապետություն» կուսակցությանը՝ 38 մլն 758 հազար դրամ, թեև վերջինս Ազգային ժողովում մանդատներ չուներ, սակայն նախորդ ընտրությունների ժամանակ ստացել էր ձայների 3.04 տոկոսը։