«The Echo» ցուցահանդեսը՝ երկխոսության արձագանքը հայ և ավստրիացի արվեստագետների միջև

«The Echo» ցուցահանդեսը՝ երկխոսության արձագանքը հայ և ավստրիացի արվեստագետների միջև

«ՀայԱրտ» կենտրոնում բացվել է «The Echo։ Հայ և ավստրիացի արվեստագետները մեկ հարկի ներքո» խորագրով հայ-ավստրիական խմբակային ցուցահանդեսը, որը կգործի մինչև ապրիլի 20-ը։ Այս նախագիծը ներկայացնում է 22 ավստրիացի և 22 հայ արվեստագետների աշխատանքներ, որոնք ստեղծվել են տարբեր տեխնիկաներով՝ գեղանկարչությունից մինչև գեղարվեստական տպագրություն։

Ցուցահանդեսի նպատակը, ըստ «ՀայԱրտ» Կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սոնա Հարությունյանի, ոչ միայն խթանելու Հայաստանի և Ավստրիայի միջմշակութային կապերն է, այլև ստեղծելու հարթակ, որտեղ երկու երկրների երիտասարդ արվեստագետները կարող են հանդիպել, երկխոսել և ստեղծել մասնագիտական կապեր։

«The Echo» ցուցահանդեսը ունի իր նախապատմությունը։ Այն պատասխան ցուցահանդես է «Xylon Austria-ն հանդիպում է Հայաստանին» խորագրով ցուցահանդեսների շարքին, որոնք տեղի էին ունեցել 2023թ-ին՝ ավստրիական Քլագենֆուրթ և Ինսբրուք քաղաքներում։

Անդրադառնալով երկու երկրների արվեստագետների աշխատանքների բովանդակային և տեխնիկական առանձնահատկություններին՝ Սոնա Հարությունյանը նկատում է, որ ավստրիացի արվեստագետները, որպես կանոն, ավելի հմուտ են տեխնիկական առումով՝ շնորհիվ իրենց ավելի զարգացված հաստոցային հնարավորությունների և նյութերի բազմազանության։ Ըստ նրա՝ հայ արվեստագետների առջև խնդիրը ոչ թե բովանդակային, այլ միայն նյութական և տեխնիկական բազայի զարգացումն է, ինչպիսիք են թղթի կամ ներկերի որակը։

Ցուցահանդեսի խորագիրը՝ «The Echo»-ն, ըստ Հարությունյանի, ոչ միայն Ավստրիայում տեղի ունեցած ցուցադրությունների արձագանքն է Հայաստանում, այլև երկու երկրների միջև արդեն հաստատված երկխոսության արձագանքը, որը շարունակական է լինելու արվեստի ոլորտում։

Այս նախագիծը իրականացվում է համատեղ ջանքերով՝ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «ՀայԱրտ» կենտրոնի, «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության, Գեղարվեստական տպագրության երևանյան միջազգային բիենալեի կազմկոմիտեի և «Xylon Austria» նախաձեռնության հետ համագործակցությամբ։

«Xylon Austria» միավորման անդամ և հայ-ավստրիական միջմշակութային համագործակցության նախաձեռնող Մանֆրեդ Էգգերը հիշում է, որ պայմանավորվածությունն այս նախագծի շուրջ ձեռք են բերել դեռևս 2023թ-ին՝ Գեղարվեստական տպագրության Երևանյան միջազգային 4-րդ բիենալեի շրջանակներում։ Այս համատեղ նախաձեռնության արդյունքում արդեն իրականացվել են երեք ցուցահանդեսներ, որոնցից երկուսն անցկացվել են Ավստրիայում, իսկ երրորդը՝ Հայաստանում։